«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։ Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։ Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։
Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։
Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. "Ո՞ւր ես գնում"։ Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար. մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի, և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։