ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1-27

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1-27 ՆՎԱԱ

«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։ Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։ Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" ։ Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1-27 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում