ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:1-31

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:1-31 ՆՎԱԱ

«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։ Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ Լսեցիք, որ ձեզ ասացի. "Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ"։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. "Հոր մոտ եմ գնում", որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում