ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1-38

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1-38 ՆՎԱԱ

Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։ Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։ Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ Դուք ինձ "Վարդապետ" և "Տեր" եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է. "Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ" . ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։ Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։ Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։ Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։ Եվ սեղան նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի՛ համար այդ ասաց նրան։ Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ այս տոնի համար մեզ հարկավոր է» կամ «Աղքատներին ինչ-որ բա՛ն տար»։ Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։ Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։