ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:37-50

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:37-50 ՆՎԱԱ

Եվ չնայած նա այդքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» ։ Եսային ասել է նաև, թե նրանք ինչու չեն կարողանում հավատալ. «Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը անզգայացրեց, որ աչքերով չտեսնեն ու սրտով չիմանան, որ դարձի գան, և ե՛ս նրանց բուժեմ» ։ Եսային Հիսուսի մասին այս ասաց, երբ տեսնում էր նրա փառքը ու խոսում էր նրա մասին։ Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն. քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից։ Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով հավատում է ինձ, միայն ինձ չէ, որ հավատում է, այլ նաև նրան, ով ինձ ուղարկեց։ Եվ ով տեսնում է ինձ, տեսնում է նաև նրան, ով ինձ ուղարկեց։ Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա։ Եվ եթե որևէ մեկն իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։ Որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է ինձ պատվիրել, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ։ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում