ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:20-36

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:20-36 ՆՎԱԱ

Երուսաղեմ բարձրացածների մեջ կային որոշ հույներ, որոնք եկել էին տոնին՝ երկրպագություն անելու։ Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որը Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. խնդրում էին նրան և ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց, ապա Անդրեասն ու Փիլիպպոսն ասացին Հիսուսին։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը։ Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել։ Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդժամ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ Ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր. «Որոտմունք եղավ»։ Ուրիշներն ասում էին. «Նրա հետ հրեշտակ խոսեց»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չեղավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։ Եվ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու»։ Եվ այս ասում էր, որպեսզի ցույց տար, թե ինչպիսի՛ մահով էր մեռնելու։ Արդ ժողովուրդը նրան պատասխանեց. «Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը պիտի մնա հավիտյան, իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ո՛ւր է գնում։ Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս ասաց ու գնաց, նրանցից թաքնվեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում