Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։ Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի»։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։ Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։ Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկե՛ք նորից Հուդա գնանք»։ Աշակերտները նրան ասացին. «Ռա՛բբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել, և դու դարձյալ այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։ Իսկ եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»։ Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Այդժամ նրա աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է։ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։ Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու»։
Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։ Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։ Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։
Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։ Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։ Արդ այն հրեաները, որ նրա հետ տանն էին ու մխիթարում էին նրան, երբ տեսան, որ Մարիամը շուտափույթ վեր կացավ գնաց, իրենք ևս հետևեցին նրան՝ կարծելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։
Հիսուսն արտասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպե՜ս էր նրան սիրում»։ Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։
Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ Հիսուսն ասաց. «Վերցրե՛ք այդ քարը»։ Մեռածի քույրը՝ Մարթան, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։ Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի»։
Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։ Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։