ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:1-27

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:1-27 ՆՎԱԱ

Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։ Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի»։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։ Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։ Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկե՛ք նորից Հուդա գնանք»։ Աշակերտները նրան ասացին. «Ռա՛բբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել, և դու դարձյալ այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։ Իսկ եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»։ Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Այդժամ նրա աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է։ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։ Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու»։ Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։ Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։ Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։