ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:1-30

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:1-30 ՆՎԱԱ

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ։ Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն և նրանց դուրս է հանում։ Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։ Հիսուսը նրանց այս առակն ասաց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչի՛ համար էր նա այդ ասում իրենց։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։ Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։ Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։ Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով։ Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։ Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։ Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։ Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։ Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։ Հիսուսը քայլում էր տաճարում՝ Սողոմոնի սրահում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեր հոգին տանջելու. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, ու չեք հավատում. այն գործերը, որ իմ Հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։ Ես և Հայրը մի ենք»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:1-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր