ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-51

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-51 ՆՎԱԱ

Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային (որ "Քրիստոս" է նշանակում)»։ Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։ Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Փիլիպպոսն էլ Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։ Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Նախքան Փիլիպպոսի՝ քեզ կանչելը տեսա քեզ՝ թզենու տակ կանգնած»։ Նաթանայելն ասաց. «Ռա՛բբի, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ. դրանից է՛լ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-51 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր