ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:19-34

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:19-34 ՆՎԱԱ

Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես», նա խոստովանեց և չուրացավ. խոստովանեց, թե՝ «Ես Քրիստոսը չեմ»։ Եվ նրան հարցրին. «Հապա ո՞վ, Եղիա՞ն ես»։ Նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Մարգարե՞ն ես դու»։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։ Արդ նրան ասացին. «Հապա ո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. ի՞նչ ես ասում քո մասին»։ Ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ. "Հարթե՛ք Տիրոջ ճանապարհը"» , ինչպես Եսայի մարգարեն ասաց։ Եվ ուղարկվածները փարիսեցիներից էին։ Նրան հարցրին ու ասացին. «Հապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»։ Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում։ Նա, որ գալիս է ինձանից հետո և որ ինձանից էլ առաջ է եղել, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես»։ Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։ Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է, որի մասին ես ասում էի. "Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու"»։ Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. "Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը"։ Ու ես տեսա և վկայեցի, թե՝ "Սա է Աստծու Որդին"»։