ԵՐԵՄԻԱ 7:3-15

ԵՐԵՄԻԱ 7:3-15 ՆՎԱԱ

Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. "Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է"։ Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք, օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ, այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։ Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։ Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում, հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. "Ազատվեցինք", որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։ Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։- Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։ «Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։ Ուստի ես էլ այն տանը, որն իմ անունով է կոչվել, և որին ապավինել եք դուք, և այն տեղին, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ այնպես, ինչպես որ արել եմ Սելովին։ Ես ձեզ պիտի վտարեմ իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։