Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։ Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։ Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր ես հարատևորեն ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։
Եվ դու նրանց այս բոլոր բաները կասես, բայց նրանք քեզ չեն լսի։ Դու նրանց կկանչես, բայց նրանք չեն պատասխանի։ Ուրեմն ասա՛ նրանց. “Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից”»։
Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։ «Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։ Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։ «Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։ Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և նրանց վախեցնող չի լինի։ Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։