ԵՐԵՄԻԱ 7:1-11

ԵՐԵՄԻԱ 7:1-11 ՆՎԱԱ

Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով. «Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. "Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է"։ Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք, օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ, այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։ Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։ Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում, հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. "Ազատվեցինք", որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։ Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում