ԵՐԵՄԻԱ 52

52
Երուսաղեմի անկումը
(Դ Թագ. 24.18–25.7)
1Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։ 2Եվ նա Տիրոջ առաջ չարություն արեց ըստ ամեն ինչի, որ արել էր Հովակիմը։ 3Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։
4Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։ 5Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։ 6Չորրորդ ամսին՝ ամսի իննին, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար։ 7Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։ 8Բայց քաղդեացիների զորքերը թագավորին հետապնդեցին և Երիքովի հարթավայրում հասան Սեդեկիային։ Նրա ամբողջ զորքը ցիրուցան եղավ իր մոտից։ 9Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։ 10Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։ 11Կուրացրեց Սեդեկիայի աչքերը և նրան պղնձե շղթաներով կապեց։ Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն տարավ և բանտարկեց մինչև նրա մահվան օրը։
Տաճարի կործանումը
12Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։ 13Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։ 14Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որ թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պատերը։ 15Եվ Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ ժողովրդի չքավորներից, քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, և մնացած արհեստավորներին։ 16Եվ երկրի չքավորներից Նաբուզարադան թիկնապահապետը թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։
17Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։ 18Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։ 19Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։ 20Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։ 21Սյուներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն էր, նրա շրջագիծը տասներկու կանգուն էր, նրա հաստությունը չորս մատնաչափ էր, մեջը՝ դատարկ։ 22Եվ մի պղնձե խոյակ կար նրա վրա. մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, և խոյակի վրա շուրջանակի ցանց ու նռներ կային, բոլորը՝ պղնձե։ Եվ սրա նման էր նաև մյուս սյունը և նռներով։
23Ամեն մի կողմի վրա նռները իննսունվեց հատ էին, ցանցի վրա շուրջանակի նռները հարյուր հատ էին։
Հուդայի ժողովուրդը գերի է տարվում Բաբելոն
(Դ Թագ. 25.18-21, 27-30)
24Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։ 25Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։ 26Նաբուզարադան թիկնապահապետը նրանց վերցրեց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբղա։ 27Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Եմաթի երկրի Ռեբղայում։ Այսպես Հուդան գերի տարվեց իր երկրից։ 28Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդի թիվը սա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա. 29Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։ 30Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի, ամբողջը՝ չորս հազար վեց հարյուր հոգի։ 31Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխը#52.31 Այսինքն՝ բարյացակամություն ցույց տվեց։ և նրան հանեց բանտից։ 32Եվ նրա հետ քաղցրությամբ#52.32 Բռց. բարությամբ։ խոսեց և նրա գահը Բաբելոնում եղող մյուս թագավորների աթոռից բարձր դրեց, 33նրա բանտի հագուստները փոխեց, և նա իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա հետ էր հաց ուտում։ 34Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 52: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք