ԵՐԵՄԻԱ 51

51
Բաբելոնի անաչառ դատաստանը
1Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի#51.1 Բռց. իմ դեմ կանգնողների սիրտը։ մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։ 2Բաբելոնի վրա օտարներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան և դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրն ամեն կողմից նրա վրա պիտի գան»։ 3Թող աղեղնավորը իր աղեղը լարի նրա դեմ և պատրաստ կանգնի՝ հագած իր զրահը։ Մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը։ 4Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։ 5Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։ 6Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող իր անձն ազատի, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև Տիրոջ համար վրեժխնդրության ժամանակն է, ինքն է հատուցելու նրան։ 7Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։ 8Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։ 9Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։
10Տերը երևան հանեց մեր արդարությունը։ Եկե՛ք, և Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործը։ 11Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։ 12Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։ 13Ո՛վ շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։ 14Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։
Փառաբանության երգ
15Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը. 16երբ նրա ձայնը որոտում է, երկնքում ջրերի դղրդյուն է. գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և իր շտեմարաններից հանում է քամին։ 17Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։ 18Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ 19Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է, Իսրայելը նրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։
20«Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզնով ազգեր կջարդեմ և թագավորություններ կկործանեմ քեզնով։ 21Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։ 22Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։ 23Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրա եզների զույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։ 24Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։ 25«Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։ 26Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։ 27Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։ 28Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։ 29Երկիրը կդողա և կտագնապի, որովհետև կկատարվեն Տիրոջ մտադրությունները Բաբելոնի մասին՝ Բաբելոնի երկիրն առանց բնակչի՝ ամայի դարձնելու մասին։ 30Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։ 31Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։ 32Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։ 33Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։
34Մեզ լափեց, մեզ բնաջնջեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, մեզ դատարկ անոթ դարձրեց, մեզ վիշապի պես կուլ տվեց, փափկություններով իր փորը լցրեց, մեզ դուրս նետեց։ 35«Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրա լինեն»,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիների երկրի բնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։
Աստված օգնելու է Իսրայելին
36Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։ 37Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։ 38Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։ 39Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։- 40Ես գառների պես նրանց սպանդանոց պիտի իջեցնեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ։
Բաբելոնի ճակատագիրը
41Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։ 42Ծովը բարձրացավ Բաբելոնի վրա, այն ծածկվեց նրա խռովալից ալիքներով։ 43Նրա քաղաքներն ամայի դարձան, անջրդի երկիր ու անապատ, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում, և նրա միջով մարդու որդի չի անցնում։ 44Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։ 45Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։ 46Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։
47Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։ 48Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։- 49Բաբելոնը պիտի տապալվի Իսրայելի սպանվածների համար, ինչպես որ ամբողջ երկրի սպանվածները տապալվեցին Բաբելոնի համար»։
Աստծու պատգամը Բաբելոնի իսրայելացիներին
50Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։
51Մենք ամաչում ենք, որովհետև նախատինք լսեցինք, ամոթը ծածկեց մեր դեմքը, որովհետև օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։ 52«Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։ 53Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։
Բաբելոնի ավերումը
54Լսե՛ք. աղաղակի ձայն Բաբելոնից. մեծ կոտորած է քաղդեացիների երկրում։ 55Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և նրանից պիտի վերացնի մեծ ձայնը, որովհետև նրանց ալիքները շատ ջրերի նման մռնչում են. նրանց ձայնի աղմուկը բարձր է հնչում։ 56Որովհետև նրա՝ Բաբելոնի վրա ավերող եկավ, և նրա պատերազմիկները գերի ընկան, նրանց աղեղները կոտրտվեցին, որովհետև Տերը հատուցող Աստված է. նա անպատճառ կհատուցի։ 57«Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։ 58Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։
Երեմիայի պատգամը ուղարկվում է Բաբելոն
59Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։ 60Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։ 61Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը, 62և ասա՛. “Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա”։ 63Եվ երբ վերջացնես այս գիրքը#51.63 Բռց. մագաղաթը։ կարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ 64և ասա՛. “Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելու#51.64 Բռց. կանգնելու։ այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն”»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 51: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք