Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով. «Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։ «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։ Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։ Եվ իրենց սրտում չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որ իր ժամանակին տալիս է անձրևը, առաջին և վերջին անձրևը, որ մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները”։ Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։ Որովհետև իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում, դարանամուտ են լինում կծկված թռչնորսների պես, որոգայթներ են լարում, մարդիկ որսում։ Ինչպես որ վանդակն է լի թռչուններով, նույնպես և նրանց տները լիքն են խաբեությամբ. դրա համար են նրանք մեծացել և հարստացել, պարարտացան-փայլեցին, չարերի գործերն էլ գերազանցեցին։ Դատը չեն դատում՝ որբի դատը, (այսուամենայնիվ հաջողում են) և չքավորների իրավունքը չեն պաշտպանում»։ «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։
Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։ Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։