ԵՐԵՄԻԱ 48

48
Մովաբի կործանումը
1Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։ 2Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։ 3Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։ 4Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։ 5Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։ 6Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։ 7Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։ 8Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։ 9«Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։ 10Անիծյա՛լ լինի անփութությամբ#48.10 Կամ թուլությամբ։ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։
Մովաբի քաղաքների կործանումը
11Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր և գինու պես հանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։ 12Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։ 13Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։ 14Ինչպե՞ս եք ասում. “Մենք զորավոր ենք և պատերազմի համար կտրիճ մարդիկ”։ 15Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին#48.15 Այսինքն՝ այրվեցին։, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։- 16Մովաբի աղետը մոտալուտ է, և նրա կործանումը խիստ շտապում է։ 17Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։ 18Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։ 19Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. “Ի՞նչ պատահեց”։
20Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։ 21Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա, 22նաև Դեբոնի վրա, Նաբավի վրա և Բեթդեբլաթեմի վրա, 23Կարիաթեմի վրա և Բեթգամովղի վրա և Բեթմավոնի վրա, 24նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։ 25Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և փշրվեց նրա բազուկը,- ասում է Տերը։-
Մովաբը ծաղրի առարկա պիտի դառնա
26Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։ 27Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում, գլուխդ էիր շարժում։ 28“Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին”։
29Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։ 30“Ես գիտեմ նրա լրբությունը,- ասում է Տերը,- նրա հոխորտանքը, բայց ընդունայն են նրա արարքները”։ 31Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսի#48.31 Հմմտ. Ես. 16.7. Կիր-հարեսեթ։ մարդկանց համար պիտի հառաչեմ։ 32Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։ 33Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։ 34Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են#48.34 Բռց. ամայացել են։։ 35Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։
36Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։ 37Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։ 38Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա հրապարակներում միայն ողբ պիտի լինի, որովհետև ես Մովաբին կոտրեցի մի այնպիսի անոթի պես, որ ոչ ոք չի ուզում,- ասում է Տերը։- 39“Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքի առարկա ու արհավիրք պիտի լինի»։
Մովաբին ազատում չկա
40Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա, 41քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։ 42Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ 43Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ,- ասում է Տերը։- 44Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։- 45Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը#48.45 Բռց. ծայրը, հմմտ. Թվ. 24.17։ և աղմկարարների գագաթը։ 46Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։ 47Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 48: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք