Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”, այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։ Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում, այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։ Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։
Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։ Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։ Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով։ Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։ Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"”»։