ԵՐԵՄԻԱ 43:1-13

ԵՐԵՄԻԱ 43:1-13 ՆՎԱԱ

Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”, այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։ Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում, այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։ Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։ Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։ Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։ Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով։ Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։ Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"”»։