ԵՐԵՄԻԱ 41
41
1Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։ 2Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։ 3Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։
4Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր, 5Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։ 6Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։ 7Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեց և գցեց գբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։ 8Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։
9Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։ 10Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։ 11Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը, 12վերցրին իրենց բոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։ 13Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։ 14Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։ 15Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։
16Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։ 17Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։ 18Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 41: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018