ԵՐԵՄԻԱ 31:1-7

ԵՐԵՄԻԱ 31:1-7 ՆՎԱԱ

«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։ Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։ Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։ Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։ Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։