ԵՐԵՄԻԱ 3:1-18

ԵՐԵՄԻԱ 3:1-18 ՆՎԱԱ

«Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։ «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։ Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։ Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. “Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը”։ Մի՞թե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի. ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։ Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։ Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։ Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։ Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։ Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։ Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։ Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։ Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։- Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։ Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։ Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. "Տիրոջ ուխտի տապանակը", և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։ Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։ Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին”։