ԵՐԵՄԻԱ 27
27
Երեմիան եզան լուծ է կրում
1Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով.
2«Այսպես է ասում ինձ Տերը. “Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։ 3Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։ 4Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. "Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Այսպե՛ս ասացեք ձեր տերերին. 5"Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի#27.5 Բռց. ուղիղ։ է իմ աչքին։ 6Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։ 7Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։ 8Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով"”։
9Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։ 10Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք։ 11Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։
12Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։ 13Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։ 14Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ 15“Որովհետև ես չեմ նրանց ուղարկել,- ասում է Տերը,- և նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ես ձեզ վտարեմ, և ոչնչանաք դուք ու ձեզ համար մարգարեացող մարգարեները”»։
16Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ 17Նրանց մի՛ լսեք, ծառայե՛ք Բաբելոնի թագավորին և ապրե՛ք. ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։ 18Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։ 19Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում, 20որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը չվերցրեց, երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին։ 21Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում. 22«Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 27: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018