ԵՐԵՄԻԱ 22

22
Երեմիայի պատգամը Հուդայի արքայական տանը
1Այսպես է ասում Տերը. «Իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այնտեղ ասա՛ այս խոսքը. 2և ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստել ես Դավթի գահի վրա, դու և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ մտնում եք այս դարպասներից։ 3Այսպես է ասում Տերը. "Իրավունք և արդարությո՛ւն արեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, մի՛ կեղեքեք և մի՛ բռնացեք օտարականին, որբին և այրուն և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք։ 4Որովհետև եթե իսկապես անեք այս բանը, այն ժամանակ այս տան դարպասներով կմտնեն Դավթի գահի վրա բազմող թագավորներ՝ կառքով և ձիերի վրա հեծած. իրենք, իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։ 5Իսկ եթե չհնազանդվեք այս խոսքերին, ինձնով եմ երդվում,- ասում է Տերը,- որ այս տունը ամայության պիտի վերածվի"”։ 6Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։ 7Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն”։ 8Եվ այս քաղաքով շատ ազգեր պիտի անցնեն և մեկմեկու պիտի ասեն. “Տերն ինչո՞ւ այսպես արեց այս մեծ քաղաքին”։ 9Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։
10Մեռնողի համար լաց մի՛ եղեք և նրա համար մի՛ ողբացեք, այլ դառնորեն լա՛ց եղեք գնացողի համար, որովհետև այլևս հետ չպիտի դառնա, որ տեսնի իր ծննդյան երկիրը։ 11Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. “Այլևս հետ չպիտի դառնա։ 12Որովհետև այնտեղ պիտի մեռնի, ուր գերի էին տարել նրան, և այլևս չպիտի տեսնի այս երկիրը”։
13Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան. 14որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։ 15Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։ 16Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։ 17Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վրա չեն, այլ միայն քո շահի վրա և անմեղ արյուն թափելու և հարստահարելու ու բռնության վրա։
Երեմիայի պատգամը Հովակիմի մասին
18Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։ 19Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։
Երեմիայի պատգամը Երուսաղեմի ճակատագրի մասին
20Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։ 21Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. “Չպիտի լսեմ”։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։ 22Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։ 23Ո՛վ Լիբանանի բնակիչ, եղևնիների մեջ բույնը դրած. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա կգան ծննդյան ցավերը, ինչպես մի ծննդկանի։
Աստծու դատաստանը Հեքոնիային
24“Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։ 25Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։ 26Ես քեզ և քեզ ծնող մորը պիտի շպրտեմ օտար երկիր, որտեղ չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք։ 27Եվ չեն վերադառնալու այն երկիրը, ուր նրանց հոգին բաղձում է դառնալ”։ 28Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։ 29Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Տիրոջ խոսքը։ 30Տերն այսպես է ասում. “Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա”»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 22: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք