Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։ Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա"”,- ասում է Տերը։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։
Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։ Եվ չասացին. "Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում"։ Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։ Քահանաները չասացին. "Որտե՞ղ է Տերը", և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։
Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։ Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք. մա՛րդ ուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։ Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։ Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ և շատ ապշի՛ր,- ասում է Տերը,- որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց. ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։
Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։ Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։
Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։ Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։ Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրի ջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետի ջուրը խմես։ Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել և ասել. “Չեմ ծառայում”. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։ Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։ Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։- Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։ Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։ Ոտքդ մերկությունից հե՛տ պահիր և կոկորդդ՝ ծարավությունից։ Բայց դու ասում ես. “Անհույս է, ո՛չ. որովհետև ես սիրել եմ օտարներին և նրանց հետևից եմ գնալու”։