ԵՐԵՄԻԱ 15

15
Դատավճիռ Հուդայի ժողովրդի համար
1Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։ 2Եվ եթե քեզ ասեն. “Ո՞ւր դուրս գնանք”, նրանց կասես. “Տերն այսպես է ասում. "Որոնք մահվան համար են՝ դեպի մահը, որոնք սրի համար են՝ դեպի սուրը, որոնք սովի համար են՝ դեպի սովը, և որոնք գերության համար են՝ դեպի գերություն"”։ 3Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ#15.3 Բռց. ընտանիք կամ գերդաստան, այստեղ՝ պատիժ։ եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։ 4Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։ 5Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։ 6Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։ 7Եվ հեծանոցով հոսելու եմ նրանց երկրի դարպասներում, անզավակ եմ անելու, պիտի ոչնչացնեմ իմ ժողովրդին. նրանք իրենց ճանապարհներից հետ չդարձան։ 8Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին#15.8 Այսինքն՝ անժամանակ։ կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։ 9Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։
Երեմիայի գանգատը Աստծուն
10Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։ 11Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։ 12Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։ 13Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։ 14Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։
15Դու գիտես, ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ և այցելի՛ր ինձ և իմ վրեժն ա՛ռ ինձ հալածողներից, քո համբերատարությամբ ինձ մի՛ վերացրու, իմացի՛ր, որ քեզ համար նախատինք կրեցի։ 16Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։ 17Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։ 18Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։
19Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։ 20Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձի ամուր պարիսպ կկարգեմ. և նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ և ազատեմ,- ասում է Տերը։- 21Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք