ԵՐԵՄԻԱ 12
12
Երեմիայի գանգատը
1Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։ 2Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից#12.2 Այսինքն՝ մտքից կամ խորհուրդներից։։ 3Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛ր#12.3 Բռց. սրբացրո՛ւ։ Այսինքն՝ զատի՛ր, մի կո՛ղմ դիր։ նրանց։ 4Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։
5Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։ 6Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։
Տիրոջ վիշտը իր ժողովրդի համար
7«Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։ 8Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։ 9Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։ 10Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։ 11Այն ամայության վերածեցին. նա ամայի սգաց իմ առաջ. ամբողջ երկիրն ամայացավ, որովհետև մարդ չկա, որ հոգա։ 12Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։ 13Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին, աշխատանք թափեցին, օգուտ չտեսան, և դուք Տիրոջ բորբոք բարկության պատճառով ձեր բերքից պիտի ամաչեք»։
Տիրոջ խոստումը Իսրայելի հարևաններին
14Այսպես է ասում Տերն իմ բոլոր չար հարևանների մասին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որ ժառանգել եմ տվել իմ Իսրայել ժողովրդին։ «Ահա ես նրանց արմատախիլ պիտի անեմ իրենց երկրի երեսից և Հուդայի տունը արմատախիլ պիտի անեմ նրանց միջից։ 15Նրանց արմատախիլ անելուց հետո կդառնամ և կգթամ նրանց և ամեն մեկին կվերադարձնեմ իր ժառանգությանը և ամեն մարդու՝ իր երկիրը։ 16Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։ 17Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018