ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:1-21

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:1-21 ՆՎԱԱ

Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով. «Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։ Եվ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերն ասացին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը դարձավ դեպի Աբիմելեքը, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»։ Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։ Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։ Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։ Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի. ծառերը գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն, և ձիթենուն ասացին. “Մեզ վրա թագավո՛ր եղիր”։ Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Եվ ծառերը թզենուն ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Եվ թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Այն ժամանակ ծառերն ասացին որթին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։ Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր դարձրիք, և եթե Հերո-Բաաղին ու նրա տանը բարություն արեցիք, և եթե նրա ձեռքի գործերի համեմատ նրան հատուցում արեցիք. (որովհետև իմ հայրը պատերազմեց ձեզ համար և իր անձը չխնայեց և մեզ ազատեց Մադիամի ձեռքից, իսկ դուք այսօր դեմ կանգնեցիք իմ հոր տանը և նրա որդիներին՝ յոթանասուն մարդու, սպանեցիք մի քարի վրա և նրա աղախնի տղային՝ Աբիմելեքին, թագավոր դարձրիք Սյուքեմի բնակիչների վրա, ըստ այնմ, որ ձեր եղբայրն էր). եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար. ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։ Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր և վախենալով իր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։