ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:1-29

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:1-29 ՆՎԱԱ

Եվ Եփրեմի որդիները նրան ասացին. «Այս ի՞նչ բան էր, որ մեզ արիր. առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու». և նրա հետ սաստիկ վիճեցին։ Եվ նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պես. մի՞թե Եփրեմի ճռաքաղն ավելի լավը չէ Աբիեզերի այգեկութից։ Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։ Եվ Գեդեոնը եկավ Հորդանան, և ինքն ու իր հետ եղած երեք հարյուր մարդիկ անցան գետը. թեև նվաղած էին, բայց հալածում էին թշնամուն։ Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։ Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։ Եվ Գեդեոնն ասաց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները պիտի ծեծեմ անապատի փշերով ու տատասկներով»։ Այնտեղից ելավ գնաց Փանուել, նրանց էլ այնպես ասաց. և Փանուելի մարդիկ պատասխանեցին Սոկքովթի մարդկանց տված պատասխանի պես։ Փանուելի մարդկանց էլ ասաց. «Երբ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։ Զեբեեն ու Սաղմանան Կարկարում էին, և նրանց բանակը նրանց հետ էր՝ արևելքի բնակիչների ամբողջ բանակից մնացածները՝ բոլորը միասին տասնհինգ հազարի չափ մարդ, և որոնք ընկել մեռել էին, հարյուր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։ Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։ Զեբեեն ու Սաղմանան փախան. Գեդեոնը նրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։ Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դարձավ Արեսի զառիվայրից։ Եվ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց ու նրան հարցրեց. սա գրեց նրա համար Սոկքովթի իշխաններին ու ծերերին՝ թվով յոթանասունյոթ մարդու։ Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։ Եվ նա քաղաքի ծերերին վերցրեց, անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով պատժեց Սոկքովթի մարդկանց։ Եվ Փանուելի աշտարակը քանդեց և կոտորեց քաղաքի մարդկանց։ Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։ Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։ Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։ Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։ Եվ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Թագավորի՛ր մեզ վրա, դու էլ, քո որդին էլ, քո որդու որդին էլ, որովհետև մեզ ազատեցիր Մադիամի ձեռքից»։ Գեդեոնը նրանց ասաց. «Ես չեմ թագավորի ձեզ վրա, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի. թող Տերը թագավորի ձեզ վրա»։ Հետո Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզնից մի բան եմ խնդրում. թող ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա» (որովհետև նրանք, իսմայելացի լինելով, ոսկե օղեր ունեին)։ Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։ Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։ Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։ Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։ Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։