ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:13-25

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:13-25 ՆՎԱԱ

Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։ Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։ Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։ Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար”»։ Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։ Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։ Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։ Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։ Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։ Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:13-25 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում