Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։ Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։ Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։ Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։ Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։
Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։ Եթե դու վախենում ես իջնել, քո ծառա Փուրայի հետ իջի՛ր բանակը, այդ ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում. և հետո քո ձեռքերը կզորանան, և կիջնես բանակը»։ Եվ Մադիամն իջավ, նա և իր ծառա Փուրան մտան բանակի առաջապահ գնդերի մոտ։ Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։ Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։ Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։
Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։ Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար”»։ Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։ Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։ Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։
Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։ Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։ Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։