ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:11-24

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:11-24 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։ Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։ Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։ Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։ Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։ Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։ Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում