ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:1-16

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:1-16 ՆՎԱԱ

Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա. նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։ Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։ Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։ Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով, Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից, ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի. և ձեզ ասացի. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք". բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։ Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։