ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:12-31

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:12-31 ՆՎԱԱ

Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։ Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։ Եվ Իսրայելի որդիները Մովաբի Էգղոն թագավորին ծառայեցին տասնութ տարի։ Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։ Ավոդը մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր շինեց իր համար և այն կապեց իր հանդերձների տակից՝ իր աջ ազդրի վրա։ Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։ Եվ երբ ընծան տվեց վերջացրեց, ընծան կրող մարդկանց ետ ուղարկեց, և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։ Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։ Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը քաշեց իր աջ ազդրի վրայից և կոխեց նրա փորը։ Սրի ետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ծածկվեց ճարպով, որովհետև սուրը չհանեց նրա փորից, և աղբը դուրս ելավ։ Եվ Ավոդը դուրս եկավ նախասրահը, վերնատան դռները փակեց իր ետևից ու կողպեց։ Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել»։ Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։ Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։ Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։ Եվ նրանց ասաց. «Եկե՛ք իմ ետևից, որովհետև Տերը ձեր թշնամի մովաբացիներին ձեր ձեռքը մատնեց». և նրա ետևից իջան ու բռնեցին Հորդանանի այն գետանցները, որոնք Մովաբի առաջ էին, և թույլ չտվին, որ մի մարդ անցնի։ Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։ Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։