ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21

21
Կանայք Բենիամինի ցեղի համար
1Իսրայելի մարդիկ Մասփայում երդվել էին և ասել. «Մեզնից ոչ ոք իր աղջկան բենիամինցու կին չտա»։ 2Ժողովուրդը գնաց Բեթել, և այնտեղ Աստծու առաջ մինչև իրիկուն նստեցին և իրենց ձայնը բարձրացնելով՝ մեծ ողբով լաց եղան։ 3Եվ ասացին. «Ո՛վ Իսրայելի Տեր Աստված, ինչո՞ւ պատահեց այս բանն Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելից պակաս է մեկ ցեղ»։ 4Հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, և այնտեղ սեղան շինեցին և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։
5Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ հավաքի հետ չի գնացել Տիրոջ առաջ», որովհետև Տիրոջ առաջ՝ Մասփա չգնացող մարդու համար մեծ երդում էին տվել՝ ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնի։ 6Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։ 7Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։ 8Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։ 9Ստուգեցին ժողովրդին, և ահա նրանց մեջ Գաղաադի Հաբիսի բնակիչներից ոչ մի մարդ չգտնվեց։ 10Այն ժամանակ ժողովուրդը խիստ զորավոր մարդկանցից տասներկու հազար մարդ ուղարկեց այնտեղ, և նրանց պատվիրելով ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիսի բնակիչներին սրի բերա՛ն քաշեք՝ կանանց էլ, մանուկներին էլ։ 11Եվ այս է լինելու ձեր անելիքը, որ կոտորեք ամեն մի այր մարդու և տղամարդու անկողին ճանաչած ամեն մի կնոջ»։ 12Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։ 13Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։ 14Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։ 15Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։
16Եվ ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք մնացածներին կանայք տալու համար, որովհետև Բենիամինի կանայք ոչնչացել են»։ 17Եվ ասացին. «Բենիամինի ողջ մնացած որդիների համար թող մնա իրենց ժառանգությունը, որպեսզի Իսրայելից մի ցեղ բնաջինջ չլինի։ 18Իսկ մենք մեր աղջիկներից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիները երդում են տվել՝ ասելով. “Բենիամինին կին տվողն անիծյալ լինի”»։ 19Եվ ասացին. «Ահա ամեն տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսային կողմում է, և Բեթելից Սյուքեմ գնացող ճանապարհի արևելյան կողմում, և Ղեբոնայի հարավային մասում»։ 20Եվ Բենիամինի որդիներին պատվիրելով՝ ասացին. «Գնացե՛ք, թաքնվե՛ք այգիներում, 21և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։ 22Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։ 23Բենիամինի որդիներն այդպես էլ արեցին. իրենց թվի համեմատ կանայք հափշտակելով պար բռնածներից՝ վերցրին և գնացին, վերադարձան իրենց ժառանգությունը և քաղաքներ շինեցին ու բնակվեցին դրանց մեջ։ 24Այն ժամանակ Իսրայելի որդիները՝ ամեն մարդ, այնտեղից իր ցեղի և իր ազգատոհմի մոտ գնաց, և ամեն մարդ այնտեղից գնաց դեպի իր ժառանգությունը։ 25Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում