ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:1-48

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:1-48 ՆՎԱԱ

Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։ Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։ Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։ Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։ Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։ Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։ Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։ Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։ Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։ Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։ Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։ Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։ Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։ Եվ Բենիամինի որդիներն իրենց քաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։ Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։ Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։ Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։ Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։ Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։ Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։ Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։ Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։ Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։ Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։ Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։ Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր. և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։ Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։ Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։ Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։ Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։ Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։ Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։ Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։ Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։ Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։ Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։ Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։ Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։ Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։ Այսպես պաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։ Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ Մնացածները դարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։ Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։ Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։