ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19
19
Ղևտացին և իր հարճը
1Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, մի ղևտացի պանդուխտ կար, որ բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանի կողմերում. նա Հուդայի Բեթլեհեմից մի հարճ առավ իր համար։ 2Նրա հարճը նրա դեմ շնություն արեց և նրա մոտից գնաց իր հոր տուն՝ Հուդայի Բեթլեհեմ, և մոտ չորս ամիս մնաց այնտեղ։ 3Նրա ամուսինը վեր կացավ գնաց նրա ետևից, որ քաղցրությամբ խոսի նրա հետ և նրան ետ բերի. նրա հետ էին իր ծառան և էլի երկու մարդ. և կինը նրան տարավ իր հոր տուն. երբ աղջկա հայրը տեսավ նրան, ուրախությամբ նրան դիմավորեց։ 4Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։
5Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։ 6Նրանք նստեցին, և երկուսը միասին կերան ու խմեցին, և աղջկա հայրն այն մարդուն ասաց. «Աղաչում եմ, այս գիշե՛ր էլ այստեղ մնա, և թող սիրտդ զվարճանա»։ 7Այն մարդը վեր կացավ, որ գնա, բայց իր աները նրան ստիպեց, և նա ետ դարձավ ու գիշերը մնաց այնտեղ։ 8Հինգերորդ օրն առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, աղջկա հայրն ասաց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրո՛ւ». և երկուսը միասին կերան և ուշացան, մինչև որ օրը թեքվեց։ 9Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։ 10Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։
11Երբ մոտեցան Հեբուսին, օրն արդեն շատ էր անցել, և ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ ճանապարհը ծռենք ու գնանք այս հեբուսացիների քաղաքը և գիշերն այնտեղ մնանք»։ 12Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։ 13Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ այն տեղերից մեկին մոտենանք և գիշերը մնանք Գաբաայի կամ Ռամայի մեջ»։ 14Եվ անցան գնացին ու երբ մոտեցան Բենիամինի Գաբաային, արեգակը մայր մտավ։ 15Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։
16Եվ ահա իրիկունն արտից՝ իր գործից, մի ծեր մարդ էր գալիս. նա Եփրեմի լեռնային շրջանից էր և պանդուխտ էր Գաբաայի մեջ. իսկ այդտեղի բնակիչները Բենիամինի ցեղից էին։ 17Երբ նա աչքերը բարձրացրեց և ճանապարհորդ մարդուն տեսավ քաղաքի հրապարակում, ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։ 18Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթլեհեմից անցնում ենք մինչև Եփրեմի լեռնային շրջանի կողմերը. ես այնտեղացի եմ և գնացի մինչև Հուդայի Բեթլեհեմ ու հիմա Տիրոջ տունն եմ գնում. և ինձ իր տունն ընդունող մի մարդ չկա։ 19Բայց մեր էշերի համար հարդ ու կեր կա, և ինձ համար, քո աղախնի համար և քո ծառաների հետ գտնվող պատանու համար հաց ու գինի ունեմ, ոչ մի բան պակաս չէ»։ 20Այն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ. քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը մի՛ մնա հրապարակում»։ 21Եվ նրան տարավ իր տուն ու էշերին կեր տվեց. և նրանք իրենց ոտքերը լվանալուց հետո կերան ու խմեցին։
22Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։ 23Եվ տան տեր այն մարդը դուրս ելավ նրանց մոտ ու նրանց ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, աղաչում եմ, չարիք մի՛ արեք. այս մարդու իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի՛ արեք։ 24Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։ 25Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։ 26Առավոտվա դեմ կինը վերադարձավ և գալով ընկավ այն մարդու տան դռան առաջ, ուր որ իր տերն էր, մինչև լույսը բացվեց։ 27Նրա տերն առավոտը վեր կացավ, տան դռները բացեց, որ դուրս գա և գնա իր ճանապարհը, և ահա այն կինը՝ իր հարճը, ընկած էր տան դռան առաջ, և ձեռքերը սեմի վրա էին։ 28Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք». բայց պատասխան տվող չկար։ Այն ժամանակ նրան դրեց իր էշի վրա և վեր կացավ ու գնաց իր տեղը։ 29Երբ իր տունը հասավ, մի դանակ վերցրեց, բռնեց իր հարճին և ոսկոր առ ոսկոր կոտորեց նրան, տասներկու կտոր արեց և ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները։ 30Եվ բոլոր տեսնողներն ասում էին. «Այսպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել է Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալու օրից մինչև այսօր. մտածե՛ք սրա մասին, խորհո՛ւրդ արեք և որոշե՛ք»։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018