ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:1-31

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:1-31 ՆՎԱԱ

Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. և այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր որոնում, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր ընկել։ Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։ Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։ Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։ Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։ Եվ քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջ է»։ Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։ Եվ այդ հինգ մարդը գնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչ ասելիք ունեք»։ Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։ Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։ Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։ Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։ Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։ Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։ Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։ Իսկ Դանի որդիներից այն վեց հարյուր սպառազինված մարդիկ կանգնեցին դռան մուտքի մոտ։ Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղ և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։ Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։ Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։ Եվ նրանք ետ դարձան գնացին, և՛ ընտանիքները, և՛ անասունները, և՛ թանկագին կարասիները դրեցին իրենց առաջ։ Երբ նրանք Միքայի տնից հեռացան, Միքայի տան մոտ եղած տների մարդիկ հավաքվեցին և Դանի որդիներին հասան. կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։ Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։ Դանի որդիները նրան ասացին. «Մեր մեջ էլ քո ձայնը չլսվի, թե չէ գուցե բարկասիրտ մարդիկ հարձակվեն ձեզ վրա, և քո կյանքն ու քո ընտանիքի կյանքը կորցնես»։ Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։ Իսկ նրանք Միքայի շինածներն ու նրա քահանային վերցրին և գնացին Լայիսի վրա՝ այն հանգիստ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի բերան քաշեցին և քաղաքը կրակով այրեցին։ Նրանք, Սիդոնից հեռու լինելով և ոչ մի մարդու հետ գործ չունենալով, իրենց ազատող չկար. այն քաղաքը Բեթ-Րոոբի հովտում էր. և քաղաքը վերաշինեցին ու բնակվեցին նրա մեջ։ Եվ քաղաքի անունն իրենց հոր՝ Իսրայելի որդի Դանի անունով կոչեցին Դան, բայց քաղաքի անունն առաջ Լայիս էր։ Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։ Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։