ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:1-13

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:1-13 ՆՎԱԱ

Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։ Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։ Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։ Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։ Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեց իր համար։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։ Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։ Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։ Եվ Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա նրան ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմից և գնում եմ պանդխտանալու, ուր որ տեղ գտնեմ»։ Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։ Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։ Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։ Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։