ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:1-31

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:1-31 ՆՎԱԱ

Սամփսոնը գնաց Գազա և այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ։ Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։ Իսկ Սամփսոնը մինչև կեսգիշեր քնեց և կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգի հետ մեկտեղ հանեց և դրանք վերցնելով ուսերի վրա՝ տարավ Քեբրոնի դիմացի սարի գլուխը։ Դրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ. նրա անունը Դալիլա էր։ Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ և նրան ասացին. «Նրան խաբի՛ր և տե՛ս, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք և տկարացնենք, և մենք՝ ամեն մեկս, քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։ Եվ Դալիլան Սամփսոնին ասաց. «Աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե քո մեծ զորությունն ինչո՛ւմ է, և քեզ տկարացնելու համար ինչո՞վ պետք է կապել»։ Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ հատ չչորացած, դալար ջիլերով, կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ Եվ փղշտացիների նախարարները նրա համար յոթ հատ չչորացած, դալար ջիլեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան։ Եվ նրա մոտ՝ ներքին սենյակում, դարանակալներ էին նստել։ Եվ կինը նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». այն ժամանակ նա ջիլերը կտրտեց, ինչպես կկտրտեն կրակի հոտ առած խծուծից շինած լարը, և նրա ուժը չիմացվեց։ Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. հիմա աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա ասաց նրան. «Եթե ինձ նոր և չգործածված չվաններով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ Դալիլան նոր չվաններ վերցրեց, դրանցով նրան կապեց և նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». (իսկ դարանակալները նստել էին ներքին սենյակում). այն ժամանակ նա դրանք դերձանի պես կտրտեց իր բազուկներից։ Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա նրան ասաց. «Եթե գլխիս յոթ բաժին մազերը հենքի թելերով հյուսես»։ Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։ Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։ Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան, նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասաց նրան. «Իմ գլխին ածելի չի դիպել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծու ուխտավոր եմ. եթե ածիլվեմ, իմ ուժն ինձնից կգնա, և ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես»։ Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. «Այս անգամ եկե՛ք վերև, որովհետև իր սրտի մեջ եղած ամեն ինչ հայտնել է ինձ»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները գնացին վերև՝ նրա մոտ, և արծաթն էլ բերեցին իրենց ձեռքին։ Դալիլան նրան քնեցրեց իր ծնկների վրա և մի մարդ կանչեց ու նրա գլխի յոթ բաժին մազերն ածիլել տվեց, և սկսեց նրան նեղել. ու նրա ուժը գնացել էր իրենից։ Կինն ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա, քնից զարթնելով, ասաց. «Դուրս գամ և առաջվա անգամների պես թոթափվեմ», բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։ Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին և նրան տարան ցած՝ Գազա, կապեցին պղնձե կապերով, և բանտում աղում էր։ Նրա գլխի մազն ածիլվելուց հետո սկսեց բուսնել։ Փղշտացիների նախարարները հավաքվեցին, որ իրենց աստծուն՝ Դագոնին, մեծ զոհ մատուցեն և ուրախություն անեն. և ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։ Եվ ժողովուրդը, նրան տեսնելով, գովեց իր աստծուն, որովհետև ասացին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ մեր երկիրը քանդողին ու մեզնից շատերին սպանողին, մեր ձեռքը մատնեց»։ Եվ երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե՛ք, որ պարի մեր առաջ»։ Սամփսոնին կանչեցին բանտից, և պարում էր նրանց առաջ. և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։ Տունը լիքն էր մարդկանցով՝ տղամարդիկ ու կանայք, և փղշտացիների բոլոր նախարարներն այնտեղ էին, և տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամփսոնի պարելուն։ Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, Տե՛ր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ, ո՛վ Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ո՛ւժ տուր, որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժն առնեմ միանգամից»։ Եվ Սամփսոնն այն տունը կրող միջի սյուները բռնեց՝ մեկն աջ ձեռքով և մյուսը ձախ ձեռքով, և կռթնեց նրանց վրա։ Եվ Սամփսոնն ասաց. «Իմ անձն էլ թող մեռնի փղշտացիների հետ», և ամբողջ ուժով ծռեց, ու տունը փլվեց ընկավ նախարարների վրա և մեջը եղած ամբողջ ժողովրդի վրա. և իր մեռնելով սպանածներն ավելի շատ էին իր կենդանության ժամանակ սպանածներից։ Նրա եղբայրները և նրա հոր ամբողջ տունն իջան և նրան վերցրին ու տարան դուրս և թաղեցին նրան իր հոր՝ Մանուեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի։