ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15

15
1Մի ժամանակ հետո՝ ցորենի հնձի օրերին, Սամփսոնը մի ուլ վերցրեց այծերից և գնաց իր կնոջն այցելության ու ասաց. «Գնամ ներքին սենյակը՝ կնոջս մոտ», բայց կնոջ հայրը նրան չթողեց, որ մտներ։ 2Եվ նրա հայրն ասաց. «Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր, և նրան տվի քո ընկերոջը։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է. հիմա թող նրա փոխարեն սա քեզ կին լինի»։ 3Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։ 4Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսների ագին կապեց ագու հետ, երկու ագիների մեջտեղը մի ջահ դրեց, 5ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։ 6Եվ փղշտացիներն ասացին. «Այս բանն ո՞վ արեց»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև նրա կնոջը նա վերցրեց և տվեց նրա ընկերոջը»։ Փղշտացիները վեր կացան և կնոջն ու նրա հորը կրակով այրեցին։ 7Իսկ Սամփսոնը նրանց ասաց. «Թեև դուք այդպես արեցիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզնից և հետո պիտի դադարեմ»։ 8Մեծ հարվածով ջարդեց նրանց սրունքներն ու երանքները և իջավ Ետամ, բնակվեց ապառաժի խոռոչում։
Սամփսոնը հաղթում է փղշտացիներին
9Փղշտացիները ելան ու բանակ դրեցին Հուդայի մեջ և տարածվեցին Լեքիի մեջ։ 10Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։
11Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։ 12Նրան ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինձ երդո՛ւմ տվեք, որ ինձ չեք սպանի»։ 13Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։ 14Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիներն աղաղակելով դիմավորեցին նրան. Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, և նրա կռների վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան, և կապերը քանդվեցին ձեռքերից։ 15Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։ 16Եվ Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով մի խումբ, երկու խումբ՝ հազար մարդ սպանեցի էշի ծնոտով»։ 17Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը գցեց ձեռքից և այդ տեղի անունը կոչեց Ռամաթ-Լեքի։
18Եվ շատ խիստ ծարավեց, Տիրոջն աղաղակեց և ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավից մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ 19Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե#15.19 Եբր. Կանչողի աղբյուրը։, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։
20Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում