ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:1-20

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:1-20 ՆՎԱԱ

Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։ Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։ Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։ Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։ Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։ Տիրոջ Հոգին իջավ Սամփսոնի վրա, և նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատռեն, և ձեռքին մի բան չկար. և իր հորն ու մորը չպատմեց, թե ինչ էր արել։ Եվ իջավ, այն կնոջ հետ խոսեց. և կինը հաճելի էր Սամփսոնի աչքին։ Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։ Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։ Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։ Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։ Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ, բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։ Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։ Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։ Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։ Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։ Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։ Եվ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա իջավ Ասկաղոն, նրանցից երեսուն մարդ սպանեց և նրանց հանդերձները վերցրեց ու տվեց հանելուկը բացատրողներին, և բարկությունը բորբոքվեց, ու նա գնաց իր հոր տուն։ Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։