ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:29-40

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:29-40 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։ Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես, և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։ Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։ Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։ Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։ Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։ Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։ Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։ Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։ Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։