ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:1-28

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:1-28 ՆՎԱԱ

Գաղաադացի Հեփթայեն հզոր ու զորավոր մարդ էր. նա պոռնիկ մի կնոջ զավակ էր, և Հեփթայեի հայրը Գաղաադն էր։ Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց, և երբ այդ կնոջ զավակները մեծացան, Հեփթայեին հալածեցին և նրան ասացին. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չպիտի ունենաս, որովհետև դու մի օտար կնոջ զավակ ես»։ Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։ Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։ Եվ երբ Ամմոնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Հեփթայեին վերցնեն Տոբի երկրից։ Հեփթայեին ասացին. «Եկ մեզ համար զորապե՛տ դարձիր, որ մենք պատերազմենք Ամմոնի որդիների դեմ»։ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տնից. հիմա ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, երբ նեղության մեջ եք»։ Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։ Եվ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Եթե դուք ինձ վերադարձնեք Ամմոնի որդիների դեմ պատերազմելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, ես գլուխ կլինե՞մ ձեզ համար»։ Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։ Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։ Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ եկել ես ինձ մոտ՝ իմ երկրում պատերազմելու»։ Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։ Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ կրկին պատգամավորներ ուղարկեց։ Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը, որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ ասելով. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով". բայց Եդովմի թագավորը չլսեց։ Մովաբի թագավորի մոտ էլ դեսպաններ ուղարկեց, բայց նա էլ չթողեց, և Իսրայելը մնաց Կադեսի մեջ։ Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով, մինչև գնամ իմ տեղը"։ Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։ Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։ Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։ Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։ Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։ Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։ Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։ Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։ Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։