ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:1-18

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:1-18 ՆՎԱԱ

Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։ Իսրայելում քսաներեք տարի դատավորություն արեց և մեռավ ու թաղվեց Սամիրում։ Նրանից հետո վեր կացավ գաղաադացի Հայիրը և քսաներկու տարի դատավորություն արեց Իսրայելում։ Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։ Եվ Հայիրը մեռավ ու թաղվեց Կամոնում։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։ Նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այդ տարվանից մինչև տասնութ տարի, այսինքն՝ Իսրայելի բոլոր այն որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում՝ Գաղաադում էին, ամորհացիների երկրում։ Նաև Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ պատերազմեն Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ. և Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին և ասացին. «Մեղք գործեցինք քո դեմ, որովհետև մեր Աստծուն թողեցինք և պաշտեցինք Բահաղիմին»։ Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թե ձեզ չազատեցի եգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։ Ձեզ նեղում էին նաև սիդոնացիները, ամաղեկացիները և մաոնացիները, և դուք աղաղակեցիք ինձ, և ես ձեզ ազատեցի նրանց ձեռքից։ Բայց դուք ինձ թողեցիք և ծառայություն արեցիք ուրիշ աստվածների. դրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։ Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջն ասացին. «Մենք մեղք գործեցինք, և ինչ որ հաճելի է քո աչքին, մեզ հետ արա՛, միայն թե, աղաչում ենք, ազատի՛ր մեզ այսօր»։ Եվ իրենց միջից վերցրին օտար աստվածներին ու ծառայեցին Տիրոջը. և նրա սիրտը վշտացավ Իսրայելի նեղության համար։ Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։ Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։