ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:1-36

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:1-36 ՆՎԱԱ

Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին և ասացին. «Ո՞վ առաջ վեր կկենա քանանացիների դեմ՝ մեզ համար նրանց դեմ պատերազմելու»։ Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։ Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։ Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։ Բեզեկի մեջ նրանք գտան Ադոնիբեզեկին և պատերազմեցին նրա դեմ և կոտորեցին քանանացիներին ու փերեզացիներին։ Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք, նրա հետևից ընկնելով, բռնեցին նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատները։ Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։ Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, վերցրին այն ու սրի քաշեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին։ Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։ Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։ Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ (Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր)։ Քաղեբն ասաց. «Ով որ զարկի Կարիաթ-Սեփերին և վերցնի, իմ աղջիկ Աքսային նրան կնության կտամ»։ Եվ Քաղեբի փոքր եղբոր՝ Կենեզի որդին՝ Գոթոնիելը, վերցրեց այն, և Քաղեբն իր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։ Երբ աղջիկը գնում էր, Գոթոնիելը նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի. աղջիկն էշից ցած իջավ, և Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում»։ Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։ Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։ Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։ Հուդայի որդիները վերցրին Գազան ու նրա սահմանը, Ասկաղոնն ու նրա սահմանը, Ակկարոնն ու նրա սահմանը։ Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։ Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։ Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։ Հովսեփի տունն էլ վեր կացավ Բեթելի դեմ, և Տերը նրանց հետ էր։ Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։ Պահապանները մի մարդ տեսան, որը դուրս էր գալիս այդ քաղաքից, և նրան ասացին. «Աղաչում ենք, մեզ ցո՛ւյց տուր քաղաք մտնելու տեղը, և քեզ ողորմություն կանենք»։ Եվ նա քաղաք մտնելու տեղը ցույց տվեց նրանց, և նրանք քաղաքը սրի բերան տվին, բայց այն մարդուն ու նրա ամբողջ ազգատոհմը թողեցին։ Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։ Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։ Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։ Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։ Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին, այլ Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև նրանց չհալածեցին։ Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։ Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Եվ ամորհացիների սահմանը վեր էր Ակրաբիմի զառիվայրից՝ Սելայից, և նրանից էլ վեր էր։