Հակոբոս 5:1-20

Հակոբոս 5:1-20 ՆՎԱԱ

Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։ Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։ Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։ Երկրի վրա շքեղ ապրեցիք ու վայելեցիք, ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար։ Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։ Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։ Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։ Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։ Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։ Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։ Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։