Հակոբոս 4:1-17

Հակոբոս 4:1-17 ՆՎԱԱ

Որտեղի՞ց ձեր մեջ պատերազմներ ու որտեղի՞ց կռիվներ. չէ՞ որ այստեղից են՝ ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» ։ Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։ Իրար մի՛ բամբասեք, եղբայրնե՛ր։ Իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է բամբասում և օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես։ Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Փոխարենը պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք»։ Բայց այժմ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի պարծանք չար է։ Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում