Հակոբոս 3:1-18

Հակոբոս 3:1-18 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցիչներ մի՛ եղեք, իմացե՛ք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք, որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։ Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված. նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից։ Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը։ Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։ Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։ Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի։ Մի՞թե հնարավոր է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որթատունկը՝ թուզ։ Ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։ Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։ Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։